«Թերթ.am»-ը գրում է.

Արմեն Ռուստամյանը հիմա անհասկանալի կերպով կեղծ վհուկների որս է փորձում  իրականացնել, հարցազրույց տալուց առաջ լավ կլիներ՝ մեզ հետ խորհրդակցեր, իր հարցերը  բարձրաձայներ, քննարկումներ սկսեինք: Այս  մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքին՝ ի պատասխան Նիկոլ  Փաշինյանի  հայտարարությանը, թե Սահմանադրությունը պետք է փոխել խորհրդարանի ինքնալուծարմանը հասնելու համար :Արմեն Ռուստամյանն ասել էր, թե հակասահմանադրական որևէ ծրագրի, միջոցառման չեն պատրաստվում մասնակցել:

«Դաշնակցությանը որևիցե մեկը հակասահմանադրական գործընթացներ սկսելու կո՞չ է արել, խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորից կարդա: Հակասահմանադրական  գործողություններ սկսելու վերաբերյալ խոսակցությունները սին, անհիմն են: Խոսքը հետևյալի մասին է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար մենք պետք է գտնենք ամենաօրինական, ընդունելի ճանապարհը, իսկ հակասահմանադրական  բառը ասեք, թող քիչ օգտագործի էլի: Նախկինում մեռան երկրում հակասահմանադրական գործողություններ իրականացնելով ու պարոն  Ռուստամյանը ձայն չէր հանում,հիմա սկսել է հակասահմանադրական գործողություններից  խոսել, երբ որևիցե մեկը,  որևէ բան չի արել և չի ասել»,-շեշտեց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների  համար առնվազն 4-5  տարբերակներ են քննարկում: «Կա տարբերակ, որ վարչապետն է  հրաժարական տալիս, երկու անգամ խորհրդարանը չի  ընտրում  վարչապետ, կա տարբերակ, որ ըստ օրենքի՝ սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու  տարբերակ լինի, կա  տարբերակ՝  հանրաքվեի  դնելու, եթե մենք դրեցինք հանրաքվեի, ի՞նչ հակասահմանադրականության մասին է խոսքը: Տարբեր  տարբերակներ ենք  դիտարկում, մենք  բոլոր  հակասահմանադրական տարբերակներին  դեմ ենք, ես էլ եմ դեմ` այստեղ, այնտեղ և ամենուր, խաղաղություն  ամբողջ աշխարհին:

Հավատացեք, եթե մենք որևիցե բան ուզենայինք անել, որևէ չակերտավոր ուժի նկատի ունենալով ժողովրդի փողոց  հանելու, կամ որևիցե այլ ձևով, մենք դա արդեն կանեինք: Ինչ ասես անում ենք, որ այդ քաղաքական ուժերը անցնեն խորհրդարան, է՛լ ընտրագրավ ենք նվազեցնում, ձգտում ենք անցողիկ շեմը իջեցնել»,-նկատեց պատգամավորը: Անդրադառնալով հարցին, թե «Ելք»-ում կա հիմնավորված կասկած, որ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը կարող են ՀՀԿ-ի հետ միասին վարչապետի հրաժարականից հետո այլ վարչապետ ընտրեն, Ալեն Սիմոնյանն  ասաց.

«Նախ  «Ելք»  բառն եմ սխալ համարում, մենք խոսում ենք ՔՊ –ի մասին, որոշումները կայացնում ենք մենք, այլ ոչ թե «Ելք»-ի ֆորմատով: «Ելք»-ը հարգելիներս այլևս գոյություն  չունի: Խորհրդարանում գոյություն ունի խմբակցություն, բայց  խմբակցությունը չի զբաղվում  քաղաքական հարցեր որոշելով: Եթե խոսքը ԱԺ-ում քննարկումների մասին  է, այո՛,  դա «Ելք»-ի ֆորմատով է  լինում, բայց որոշումները կայացնում է ՀՀ  վարչապետը, կառավարությունը և ՔՊ-ն»,-շեշտեց Ալեն Սիմոնյանը: Պատգամավորի խոսքով` այժմ չկա ազգային համաձայնության կառավարություն, խոսքը  պարզապես  համաձայնության կառավարության մասին է:

«Ուղղակի  մենք նույն ձևով չենք ուզեցել որևիցե մեկին նեղացնել, ավելորդ անգամ մեր ներուժը ի հայտ դնենք, մարդկանց փողոց հանենք և այլ, ինչքան բարի ենք լինում, այնքան մեզ  ավելի վատ բաներ են վերագրվում: Ուզում ենք ամեն ինչ հանգիստ լինի, չենք ուզում մարդկանց նորից բերել փողոց, ՀՀԿ-ականները  առավոտը ժամը  6-ին  մետրոյով բանավորի  արձանի մոտից գան, կամ այստեղ մնան, քնեն, որպեսզի  նիստին մասնակցեն և  այլն: Դրա համար իրենց հետ քննարկումներ ենք սկսել, քննարկում ենք ԸՕ  հարցերը, բայց թող ոչ  մեկին չթվա, թե էս ԱԺ-ն մնալու է, Էս ԱԺ-ն չի մնալու: ԱԺ-ն  այլևս չի արտոցոլում  ՀՀ  քաղաքացիներին, արտահերթ  ընտրություններ  պետք է  լինեն»,-նշեց պատգամավորը: