Lragir.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կարիքը չկա: Նա այս հարցին անդրադարձավ ի պատասխան Փաշինյանի այն հայտարարության, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սահմանադրական փոփոխությունների կարիք կառաջանա, քանի որ իր հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն կարող է իր ուզած թեկնածուին թաքուն ընտրել:

“Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ, և չեմ կարծում, որ իր հրաժարականն առիթ է Ազգային ժողովի արձակման: Երբ որ զգա, որ կան խանգարող հանգամանքներ, այդ ժամանակ կարող է այդ մասին խոսել: Առայժմ նրան որևէ խանգարող հանգամանք չկա, մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին ու նախաձեռնություններին և պետք է աջակցենք”,- ասաց նա:

Բաղդասարյանն ասաց, որ նախկինում նման մտավախություն չի եղել, որ ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ ընտրել, առաջին անգամ այդ հարցը քննարկվել է օգոստոսի 17-ի հանրահավաքում: “Ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն: Իսկ արդյոք ռիսկայի՞ն չէր այն, ինչ կատարեց այս շարժումը, դա ավելի ռիսկային էր: Եվ ընդհանրապես արդյունքի հասնելու համար միշտ չպետք է ռիսկայնությունից խուսափել: Բայց մենք նման որոշում ու մտադրություն չունենք”,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Դիտարկմանը, որ պահաջն այն է, որ  նոր խորհրդարան պետք է ձևավորվի, որովհետև այս խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը, Բաղդասարյանը պատասխանեց. “Այսինքն՝ ի՞նչ են ենթադրում, իշխանափոխություն անողները ինչ առաջարկություն անեն, Ազգային ժողովը պետք է ենթարկվի՞: Որոշումները պետք է կայացվեն ոչ թե հրապարակում, ինչպես իրենք են ասում, այլ Ազգային ժողովում: Եթե կլինեն հիմնավոր առաջարկներ, մենք այդ առաջարկները կքննարկենք և որոշում կկայացնենք”,- ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն հակված չէ՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այս խորհրդարանն իր բնականոն հունով աշխատում է, նման փաստաթուղթ իր ձեռքի տակ չունի: “Համենայնդեպս մենք կարողանում ենք այս Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել, և ես չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս Ազգային ժողովն է”,- նշեց նա: