«Թերթ.am»-ը գրում է.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսով: Նա նշեց, որ իր պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է համարել ծրագրերն ուսումնասիրելը և հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում։ «Ես առաջնահերթ դրել էի ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի 1-ին վերագործարկել ատոմակայանը»,-ասաց նա:
Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ այս տարի էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել, երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել. ամռան երեք ամիսներին օրական ծախսվել է գրեթե1030 մեգավատ էլէներգիա: «Նման ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ»,-ասաց նա և կարևորեց, որ այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում տեղի չունենա: Նախարարը կարևորեց, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու  համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ այն հանձնվի պետական կառավարման: Նա նաև ասաց, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստվել, որի արդյունքում կվերաձևակերպվի նախարարության աշխատակազմը: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա հիշեցրեց, որ բանակցությունների արդյունքում սոցիալապես անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից սակագինը 10 դրամով նվազեցվել է: