Lragir.am-ը հայտնում է.

Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանադրության, և դա որևէ ձևով շրջանցելն ուղղակի անընդունելի է, ամբողջ աշխարհը մեզ չի հասկանա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների մասին հարցին: Նա նշեց, որ Հայաստանը ճանապարհ է անցել, ստեղծել օրենսդրական դաշտ, որը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ:

Նա նշեց, որ իրենք հակասահմանադրական որևէ միջացառման կամ ծրագրի չեն պատրաստվում մասնակից լինել, քանի որ վատ նախադեպ կսկսվի: «Այն գաղափարները, որոնք հնչել են հրապարակում, դրանք քննարկելու կարգ ունեն, ձև ունեն, և եթե բերվում են օրակարգ, ոչ ոք չի պատրաստվում դրանից խուսափել: Բայց դատարաններ կան, պետական մարմիններ կան, և մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ունի, քանի որ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լավատեսությունն այդ առումով ավելի մեծացել է: Եվ ըստ էության հիմնական հարցերին արձագանք կա»,- ասաց Ռուստամյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ նրա, այսօր մեկ ճանապարհ ունեն, որի մասին բոլորը հրապարակավ խոսում են: Դա երկու անգամ խորհրդարանի կողմից վարչապետ չընտրելն է: Եթե գնալու են մյուս ճանապարհով, այդ ճանապարհը չի արագացնելու արտահերթ ընտրությունների անցկացումը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտավախությանը, որ եթե սահմանադրական փոփոխություններ չլինեն, ՀՀԿ-ն կարող է թաքուն իր վարչապետին ընտրել, Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, թե այդ մտավախությունը տեղին է: «Եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, ինչը վարչապետի խոսքից կարելի է նկատել, ես դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ այդպիսի բան չի երևացել, որ մի բան պայմանավորվենք, չարվի: Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովն իր այսօրվա կարգավիճակով որևէ կերպ խոչընդոտում է գործադիրի աշխատանքներին: Ես այսօր Ազգային ժողովին չեմ տեսնում ապակառուցողական վիճակի մեջ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով՝ իսկ եթե այդ կասկածանքը փարատելու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն է ընտրվում, դա նորից պետք է ԱԺ-ով անցկացվի: «Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն  ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի աշխատո՞ւմ այդ դավադրությունը»,- նշեց նա: Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում: