Lragir.am-ը ներկայացնում է մի հատված ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսից։

«Կռապաշտությունը վատ բան է, այսինքն՝ կուռքեր չպետք է ստեղծի մեր ժողովուրդը, բայց դժբախտաբար մենք 88 թվականից հաճախ այդպիսի վիճակներ տեսել ենք: Անվերապահ որևէ մեկին պաշտպանել ոչ ոքի խոհուրդ չեմ տալիս»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառալով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կսատարի Ռոբերտ Քոչարյանին, եթե նա վերադառնա քաղաքականություն:

Նա նշեց, որ իրենք ասում են՝ մի դատիր, որ չդատվես: Բայց եթե դատում ես, պետք է դատես առանց կողմնակալության ու ցասումի: «Սա պետք է անենք, որովհետև եթե մենք մի անգամ մեր կրքերով ու զգացումնքներով ու անաչառ չլինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ, և հետո դրա դեմ պետք է պայքարենք: Կլինի Ռոբրետ Քոչարյանը, վաղը ով ուզում է, թող լինի»,- ասաց նա:

Հարցին, թե կհամագործակցե՞ն Ռոբերտ Քոչարյանի հետ, Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք համագործակցում են ցանկացած անձի հետ, ով կիսում է իրենց մոտեցումներն ու նպատակները: «Այդպես որ լիներ, մենք ՀՀՇ-ի հետ էլ չպետք է համագործակցեինք, ՀԱԿ-ի հետ քառյակ չպետք է կազմեինք, երբ ուղիղ մեզ հետ են խնդիր ունեցել: Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել ենք մեր գերագույն մարմնում, և ինչ քարկոծում ասես եղել է նաև այդ ժամանակ: Բայց մենք համարել ենք, որ ճիշտը դա է, որովհեև մենք մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ են Քոչարյանի կողմնակիցների մտահոգությունները, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քաղբանտարկյալների մասով կան հինգ չափորոշիչներ, բայց դրանք չեն կիրառվել որևէ մեկի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի հստակ ասել՝ ով է քաղբանտարկյալ: «Քաղաքական հետապնդումների մասին կարող է միայն խոսք գնալ այն ժամանակ, երբ կապացուցվի, որ այդ հինգ չափորոշիչներից մեկը խախտվել է: Մենք ասել ենք՝ այն մեղադրանքը, որը դրվել է, այդ մեղադրանքն, այո, կարող  այդպիսի տպավորություն առաջացնել: Եվ մենք արդեն տեսնում ենք, որ այդպես միանշանակ չի: Ավելի լավ է մարդուն ներկայացնես այնպիսի մեղադրանք, որի համար ունես հսկայական փաստեր, քան թե մի բանում մեղադրես, որը դեռ պետք է ապացուցվի, հետո գտնենք մեղավորն ով է: Մենք այսօր ունենք 10 զոհերի փաստը, պետք է գտնել ովքեր են մեղավորները՝ անաչառ բոլոր բացահայտումները կատարելով, իր լրիվության մեջ: Իսկ երբ դնում եք մեղադրանք, որը դեռ պետք է ապացուցվի, ինքը կարող է դրանով արդարանալ»,- ասաց նա: