MediaLab.am-ը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում արտաքուստ մրցակցություն կա, բայց բովանդակային առումով չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքական ուժերի շանսերին:

«Մեզ սպասում է դե յուրե մրցակցային պայքար, բայց դե ֆակտո արդեն ընտրությունների կանխորոշված արդյունք, որովհետև հեղափոխական էյֆորիան, ճիշտ է, մի քիչ անկում է ապրում, բայց շարունակվում է: Երկրորդ՝ հասկանալի է, որ մարդիկ քվեարկելու են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի օգտին, այլ ձայն են տալու հենց վարչապետին»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Այսինքն՝ նրա խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ում թեկնածությունը Նիկոլ Փաշինյանն առաջադրի, հասարակությունը պատրաստ է նրա օգտին քվեարկելու: Երրորդ՝ հաշվի առնելով, որ Երևանի ավագանու ընտրություններում գոյություն ունի բոնուսային համակարգ, որը ՀՀԿ-ն էր ներդրել՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար, բավական հեշտանալու է ՔՊ թեկնածուի հաղթանակը: Չորրորդ գործոնը, ըստ մասնագետի, մյուս կուսակցությունների ոչ գրագետ ընտրարշավն է, ինչը դարձյալ ուժեղացնում է վարչապետի կուսակցության դիրքերը:

«Եվ մենք կարող ենք ասել, որ այս ընտրությունները, թեև արտաքուստ մրցակցային են, բայց ներքուստ այս պահի դրությամբ արդեն կանխորոշված արդյունք ունեն՝ հօգուտ վարչապետի առաջադրած թեկնածուի»,- հավելում է նա:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների թիվը փոքր չէ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: ԲՀԿ-ն ևս մասնակցելու է ընտրություններին, այս ուժի ցուցակի առաջին համարը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

«Ելք» դաշինքի մյուս ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», քաղաքապետի միասնական թեկնածու են առաջադրում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, կուսակցության ցուցակը ղեկավարում է Զարուհի Փոստանջյանը:

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը ևս մասնակցելու է ընտրություններին, այս ուժի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

ՀՅԴ-ն հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը, ՕԵԿ-ի ցուցակը կգլխավորի Մհեր Շահգելդյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է:

Արմեն Բադալյանի խոսքով՝ ՔՊ-ից բացի, մնացած ուժերը, որոնք նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին հաջորդած ժամանակաշրջանը պետք է օգտագործեին և քարոզարշավ իրականացնեին, չխախտելով օրենքները,  դա չեն օգտագործել: Եվ ստացվում է, որ քարոզարշավն ընդամենը 11 օր է տևելու՝ սեպտեմբերի 10-21-ը:

«Իրենք հույս ունեն, որ այդ 11 օրերի ընթացքում սարեր են շրջելու, կարողանալու են իրենց ձայնը հասկանալի դարձնել ու քվեներ ստանալ: Նրանք այդ սխալները կատարեցին, բայց նրանց ոչ ոք չէր խանգարում փաստացի քարոզարշավ իրականացնել»,- նշեց Բադալյանը:

Մասնագետի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ում էլ առաջադրի, նա էլ լինելու է քաղաքապետ, բայց դրանով ընտրական գործընթացը չի խաթարվում: Բայց այս հարցում, նրա խոսքով՝ մեղքը վարչապետինը չէ:

«Մյուս ուժերը, հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, համապատասխան վերլուծություններ իրականացնելով, կարող էին ստեղծված պայմաններն օգտագործել և բավական ակտիվ մրցակից լինել վարչապետին ու իր թիմակիցներին: Եթե նրանք ակտիվ չեն եղել, վարչապետն ի՞նչ պետք է անի, նրանց փոխարեն պետք է ընտրարշա՞վ իրականացնի, ո՛չ: Դրանով բնավ ընտրական գործընթացը չի խաթարվում, եթե իրենք չեն օգտագործում իրենց հնարավորությունը, դա իրենց մեղքն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՛ր ուժերը շանս ունեն Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու, Արմեն Բադալյանն ասաց, որ առաջին տեղում կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ-երրորդ տեղերի համար կարող են պայքարել «Ելք» դաշինքի մյուս ուժերն ու «Բարգավաճ Հայաստանը»: Հնարավոր է, որ ՀՅԴ-ն ևս հաղթահարի անցողիկ շեմը և ավագանիում լինի չորրորդ ուժը: Իսկ մնացած ուժերը, ըստ մասնագետի, գրեթե շանս չունեն:

Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ Երևանի ավագանու ընտրությունների համար կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոս է, դաշինքի համար՝ 8 տոկոս: Ավագանին չի կարող բաղկացած լինել ավելի քիչ ուժերից, քան երեք կուսակցությունն է: Ընտրությունների արդյունքում 40 տոկոս ձայն ստացած ուժը բոնուսային համակարգով համարվում է հաղթող, ստանում է մեծամասնություն և առաջադրում քաղաքապետի թեկնածու: Եթե որևէ ուժ 40 տոկոս ձայն չստանա, դաշինք կազմելու միջոցով կարող է թեկնածու առաջադրել:

«Բայց կարծում եմ՝ այս անգամ դաշինքի հարց չի լինի, եթե անգամ լինի էլ, դա զուտ ցանկության դաշինք կլինի: Ենթադրում եմ, որ ՔՊ-ն 40 տոկոսից ավելի ձայն կստանա և իր թեկնածուին միանձնյա կառաջադրի քաղաքապետի թեկնածու»,- ասաց նա:

(c) Ռոզա Հովհաննիսյան