Lragir.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Վարդան Այվազյանը

Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի և Արա Բաբլոյանի կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարությունը, մասնավորապես, «անցումային արդարադատության» մասին կետը, որտեղ նշվում է, որ «անցումային արդարադատությունը» պետք է իրականացվի Սահմանադրության ևհամապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով։

Հայտարարությունում նշվում է, որ վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպման արդյունքում կողմերն արձանագրել են հետևյալը և կետերով նշվում է, թե ինչ են արձանագրել։ Փաստորեն նրանք արձանագրել են Սահմանադրության մեջ գրված դրույթները, որ, օրինակ, առաջին կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք ունի։

Սա արձանագրել է ՀՀ Սահմանադրությունը, որն ընդունվել է ժողովրդի կողմից։ Առավել ևս անլուրջ է, երբ արձանագրում եք, որ այսուհետ ամեն մեկն ունի այդ իրավունքը։ Այդ դրույթները բոլորը Սահմանադրության պահանջներ են, և ստացվում է, որ նրանք եկել են համաձայնության, որ մինչև այժմ անտեսել են Սահմանադրության դրույթների կատարումը, հիմա արդեն արձանագրում ենք, որ Սահմանադրությամբ ամրագրված այդ դրույթները կետերով պետք է իրականացնեն։ Դա է ստացվում։ Այսինքն՝ արձանագրում ենք, որ այսուհետ որպես պետական այրեր պետք է կատարենք մեր պարտականությունները, որոնք մինչև այս պահը չենք կատարել։ Նման բան արձանագրելը մի քիչ անլուրջ է ստացվում։ Անլուրջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, երբ ընտրվել է Հանրապետության վարչապետ և երդում է տվել, իսկ Արա Բաբլոյանն էլ արձանագրել է, երբ նախ ընտրվել է ԱԺ պատգամավոր, ապա նաև ԱԺ նախագահ։

Նա երդվել է, որ պետք է Սահմանադրության դրույթները կատարի ու կյանքի կոչի։ Հիմա իրենք իրենց երդման արձանագրությունից հետո կարծեմ, անթույլատրելի է մասնավոր կարգով հարցեր քննարկելը, արձանագրելն ու հրապարակելը։ Ընդամենը անհրաժեշտ է անշեղորեն կատարել երկրի գործող Սահմանադրության հանձնարարականները։ Ես չեմ կարծում, որ իրենց արձանագրությամբ պետք է ինչ-որ բան փոխվի դեպի լավը կամ վատը։ Դա ընդամենը հրապարակային հայտարարություններ են, որոնցով կարծես թե, վարչապետն ու ԱԺ նախագահը, իրենց պատրաստակամություն են հայտնում ավելի հավատարիմ լինել Սահմանադրության դրույթների կատարմանն ու պահպանմանը, այստեղ նոր բան չկա։

Դուք նշում էիք, որ երկրում սահմանադրական փակուղային իրավիճակ է։ Ձեր կարծիքով ՝որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե ու արտահերթ ընտրություննե՞ր։

Փակուղային իրավիճակը բացառապես պայմանավորված է խորհրդարանական ուժերի ողջախոհությամբ և քաղաքական կամքով։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրական փոփոխությունը այդ փակուղին կլուծի, որովհետև նույն Սահմանադրությունը փոփոխելու համար նախքան հանրաքվեի դնելն անհրաժեշտ է Ազգային ժողովի 2/3-ի հավանությունը։  Էլի նույն գործընթացը պետք է անցնի։

Երկրորդ, անթույլատրելի է դրվագային, ոտքի վրա Սահմանադրության դրույթ փոխելը որևէ խնդրի լուծման համար։ Սահմանադրությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է փոխվի, ֆունդամենտալ, մանրակրկիտ՝ բոլոր խնդիրներն ու առկա թերությունները հաշվի առնելով և վերացնելով։ Հատուկ արտահերթ խորհրդարանական ընտրության համար Սահմանադրություն փոխելը ահավոր կնվաստացնի Սահմանադրության դերակատարությունը որպես պետության հիմնական օրենք։ Այն կդառնա քաղաքական ուժերի ձեռքին խաղալիք, քանի որ իրենք այդքան ողջախոհություն չունեն, չեն հասկանում, որ երկրի՝ սահմանադրական փակուղուց դուրս գալու միակ և անայլընտրանք տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Սահմանադրական փոփոխությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեխանիզմ չեն ապահովի, առավել ևս դրանց լեգիտիմությունն էլ խիստ կասկածելի կլինի, քանի որ եթե դրանք հավանության էլ արժանանան, արժանանալու են գործող ԱԺ-ի կողմից։ Այս ամբողջ հեղափոխության իմաստը ո՞րն էր, որ ԱԺ-ից սկսած ամբողջ իշխանությունը ոչ լեգիտիմ է։ Բա հիմա այդ ոչ լեգիտիմ Ազգային ժողովով Սահմանադրություն եք փոխում, այդ սուրբ փաստաթուղթը դարձնում ենք անլուրջ, շարքային իրավական ակտ։ Ես խորհուրդ կտայի, որ Փաշինյանն ու Բաբլոյանը հանդիպման արդյունքում ոչ թե արձանագրեին, այլ ողջամիտ հուշագիր ստորագրեին, որ պատրաստվում են հստակ ժամկետում վարչապետը հրաժարական տա, իրենք էլ վարչապետի թեկնածու ոչ մեկը չառաջադրեն ու գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Եթե այդ  ողջախոհությունը չկա, պատկերացրեք, մենք որքան էլ Սահմանադրություն փոխենք, էլի խոչընդոտներն ու փակուղիները լինելու են, որովհետև մեր քաղաքական ուժերը դեռևս ողջախոհություն չունեն։ Իսկ եթե քաղաքական ուժերը չունեն ողջախոհություն, սահմանադրական փոփոխությունները բացարձակ արդյունք չեն տալու։ Պետք չի քաղաքական ուժերի սեփական ողջախոհության տկարամտությունը սվաղել սահմանադրական փոփոխություններով, որի կարիքը միանշանակ կա, բայց դա պետք է արվի առանց հապշտապության, լեգիտիմ ընտրված նոր խորհրդարանի առկայության դեպքում։

Չե՞ք կարծում, որ որպես ԱԺ մեծամասնություն, հենց ՀՀԿ-ն պետք է երաշխիքներ տա, որ չի առաջադրելու վարչապետի թեկնածու, որ կգնա արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ խնդիրն այս պահին Հանրապետականի դաշտում է։

Եթե հիմա ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների երաշխիք չի տալիս, իսկ ինչո՞վ եք համոզված, որ ինքն իր մեծամասնությամբ հավանություն կտա սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Մինչև ԱԺ որակյալ մեծամասնությունը հավանություն չկա, ոչ մի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չի լինի։ Իսկ ի՞նչ երաշխիք ունեք, որ իրենք հավանություն կտան և այդ փոփոխությունը կդրվի հանրաքվեի։ Ավելի մանր հարցի տեխնիկական երաշխիքը չունենալով ո՞նց կարող ենք գլոբալ հարցի երաշխիք ունենալ։ Վարչապետի հրաժարականով և թեկնածու չառաջադրելով արտահերթ ընտրությունների գնալն ավելի հեշտ խնդիր է, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճանապարհը։ Վերջինս անհամեմատ ավելի դժվար, բարդ և փակուղային կլինի։