Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը, իմ սուբյեկտիվ կարծիքով, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ սա զուտ իր անձնական կարծիքն է, միևնույն ժամանակ շեշտեց, թե իր կարծիքն իրականությանը շատ մոտ է:  «Նա ունի և՛բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, որ, այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն կկոնսոլիդացվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների, օրակարգի շուրջ: «Ով այդ պայքարում ու օրակարգում կօժանդակի հանրապետականին, կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք համագործակցել: ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, այդ թվում՝ նաև Քոչարյանի»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը, խոսելով կոնկրետ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի մասին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց, թե այդ հարցը կոնկրետ չի քննարկվել: «Սակայն Քոչարյանի կալանավորման հետ կապված՝ ՀՀԿ-ն արել է 2 հայտարարություն, իսկ կուսակցության հայտարարությունն առանց կուսակցության նախագահի դիրքորոշման, չի կարող լինել»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:  Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց Շարմազանովը: Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում: «Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին: