Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խորը բարեկամությամբ, եւ Հայաստանը խրախուսում է Լիբանանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանում թե լիբանանահայերի, եւ թե լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, եւ առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար: «Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլեւ հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է նաեւ պատվիրակության անդամների հարցերին: