Հայաստանի նախորդ եւ ներկայիս կառավարությունները թեեւ խոսում են տնտեսական աճի մասին, բայց ՀՀ քաղաքացին այդպես էլ այն չի զգում իր մաշկի վրա: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում է` հաջորդ տարում ՀՀ քաղաքացին կզգա էական բարեփոխում: Նա նաեւ օրերս խոսեց տնտեսական քաղաքականության մոդելի մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի հարցազրույցում նման հարցադրում է հնչեցրել. «Փաշինյանը ո՞նց է վերաբերվելու բիզնեսին, սպեցնազո՞վ է ստուգումներ անելու, թե՞ ցիվիլ տարբերակով»: Հիմա ինչպե՞ս եք անցկացնելու այդ ստուգումները` սպեցնազո՞վ, թե՞ ցիվիլ տարբերակով:

-Հայաստանում բոլոր ստուգումները, ոչ միայն ստուգումները, իրականացվում են բացառապես օրենքով եւ ոչ թե այն աշխատաոճով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ուղեկցել է բիզնեսին: Դրանք այլեւս պատմություն են: Օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ կախված տեղի ունեցող իրադարձություններից, հանցագործություններից, խախտումներից, օրենքը ամբողջ խստությամբ կիրառվելու է: Հետեւաբար ընտրությունը ոչ թե պետական պաշտոնյաներն են կատարում, այլ բացառապես օրենքը:

-Ի վերջո, տնտեսական հեղափոխության պտուղները ե՞րբ կզգանք:

-Արդեն այս պահին, կառավարության գործունեության առաջին օրից սկսած` ձեւավորվել է տնտեսության համար բարենպաստ միջավայր, մասնավորապես կոռուպցիան, որը տարիներ շարունակ տնտեսության անբաժանելի մասն է եղել, այլեւս չկա: Եւ տնտեսության մեջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, եւ կառավարությունը նաեւ ողջունում է զբաղված ձեռնարկատիրական գործունեությամբ ազատ շուկայական տնտեսության պայմաններում: Միեւնույն ժամանակ, այո, կան դեռեւս բազմաթիվ խնդիրներ. անհրաժեշտություն է նաեւ ստեղծել տնտեսական այնպիսի միջավայր, որը, ի վերջո, կապահովի նաեւ հասարակության բարեկեցությունը: Այժմ արդեն որոշակի քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ եւ համոզված եմ արդեն, որ հաջորդ տարվանից հասարակության ահռելի հատվածի մոտ տեղի կունենան էական փոփոխություններ:

-Կառավարության հրապարակած պաշտոնական թվերով տնտեսության աճ կա, բայց արդյո՞ք մարդը դա զգում է իր վրա:

-Մեզ ոչ միայն պետք է տնտեսական աճ, այլեւ տնտեսական զարգացում: Այսինքն` մենք տնտեսության այնպիսի աճ պետք է ունենանք, որն առավելագույն թվով քաղաքացիների կյանքում կապահովի բարեկեցություն: Եւ կառավարության քայլերը ուղղված են հենց այդ ուղղությամբ. կունենանք տնտեսության այնպիսի կառուցվածք եւ այնպիսի միջավայր, որտեղ առավելագույն թվով մասնակիցներ կկարողանան ներգրավել, հետեւաբար նաեւ ապահովել իրենց բարեկեցությունը:

-Պարո՛ն Առաքելյան, նախկին իշխանություններն էլ էին ասում, որ տնտեսական աճ կա, բայց այդպես էլ քաղաքացին չզգաց իր մաշկի վրա… Ռ. Քոչարյանը նաեւ իր հարցազրույցում կանխատեսեց, որ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ ժամանակ կլսենք ժողովրդին…

-Արդեն հաջորդ տարվանից քաղաքացիները կզգան էական բարեփոխում, մասնավորապես նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում, հարկային օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ եկամտային հարկի նվազեցում, ինչի արդյունքում քաղաքացիների տնօրինվող աշխատավարձը կբարձրացվի: Եւ բազմաթիվ այլ ոլորտներում տեղի ունեցող դրական փոփոխությունները, նաեւ ֆինանսապես կանդրադառնան հասարակության բարեկեցության վրա, եւ որեւիցե մտահոգություն, որ հաջորդ տարի հասարակության կյանքում բան չի փոխվելու, ամենեւին տեղին չէ:

-Վիճակագրական տվյալները նախկին իշխանությունների օրոք միշտ կասկածի տակ են դրվել, բայց կարծես թե հաշվարկի մեթոդաբանությունը նույնն է մնացել, անգամ հաշվողներն են նույն մարդիկ: Դուք տարիներ շարունակ քննադատաբար եք վերաբերվել այդ տվյալներին: Հիմա ինչպե՞ս վստահենք այս իշխանության օրոք հրապարակվող թվերին:

-Կարծում եմ` նոր իշխանությունների գործունեությամբ ապացուցվել է իր արդար եւ օրենքի շրջանակներում գործելաոճը: Դա վերաբերում է ոչ միայն վիճակագրական, այլ նաեւ ամբողջ գործունեությանը: Շարքային կառավարության նպատակը վիճակագրական թվերը չեն, ամենեւին: Կառավարության նպատակը հասարկության բարեկեցությունն է: Իսկ եթե խոսենք վիճակագրական տվյալներով, ապա գլխավոր ցուցանիշը արտագաղթն է, որը երկար տարիներ եղել է: Եթե նույնիսկ նախորդ կառավարությունների գործունեության արդյունքում հայտարարվել է տնտեսական աճ, սակայն դրա կողքին մենք միշտ ունեցել ենք արտագաղթի` տարեցտարի ավելացող տվյալներ, որը տնտեսության եւ նաեւ կառավարության գործունեության գլխավոր ցուցիչն է եղել: Այդ տեսանկյունից կառավարության գործունեությունը ուղղված է դրան, որ ՀՀ քաղաքացին իրեն ապահով եւ բարեկեցիկ զգա Հայաստանում, եւ այն քաղաքացիները, որոնք ստիպված լքել են հայրենիքը, վերադառնան, իրենց աշխատանքը եւ գործունեությունը շարունակեն Հայաստանում: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին նշեց` այդ ուղղությամբ ունենք դրական միտումներ եւ համոզված ենք, որ այս տարվա տվյալներով կունենանք բավականին բարենպաստ ցուցանիշ, ինչը նաեւ հանդիսանում է գլխավոր վիճակագրությունը:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը (c)