Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշել է մարտական պատրաստության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Հանգամանալից անդրադառնալով մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված բացթողումները, արձանագրել ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ներկայացրել աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի մասնագիտական, գաղափարական և դաստիարակչական պատրաստության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի մարտավարական և մասնագիտական պատրաստության, մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընգծել է, որ հետևողական աշխատանքի և ջանքերի համադրման արդյունքում պետք է արվի հնարավորը՝ առկա հաջողությունները պահպանելու և բազմապատկելու, իսկ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ: