«Ազատությունը» հաղորդում է.

«Վեոլիա ջուր» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված ոստիկանության սկանդալային բացահայտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու համար: Հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ որևէ մեկին դեռ մեղադրանք առաջադրված չէ:

Շաբաթ օրը՝ օգոստոսի 25-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե պարզել է, որ «Վեոլիա ջրի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց առաջ ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջրի» ֆինանսական ծախսային միջոցներից գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր ավելի քան 4 մլն դրամի 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 15 հազար եվրո: Ոստիկանությունը նշում է, որ դրանից հետո ՀԾԿՀ-ը խմելու ջրի սակագինը մոտ 11 դրամով բարձրացնելու որոշում է կայացրել՝ 180 դրամից 191.414 դրամ դարձնելով:

Վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած տվյալների հիման վրա ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուրը» մի շարք շինարարական կազմակերպությունների հետ համաձայնության գալով, շուկայականից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3 մլրդ 730 մլն դրամի պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում, հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով, յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ «Վեոլիա ջուրը» հերքում է ոստիկանության մեղարդրանքը:
««Վեոլիա ջուր» ընկերությունն իր վրդովմունքն է արտահայտում՝ ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ: Ընկերությունը չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել ևս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնել հիմա, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հրաժարվում են թենայի շուրջ հարցազրույց տալուց, հավելելով, որ օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն: ՀԾԿՀ -ից նույնպես հրաժարվեցին խոսել թեմայի շուրջ՝ կրկին նշելով, որ առաջիկա ժամերին հանդես կգան հայտարարությամբ: Նշեմ, որ սկանդալի մեջ ներքաշված Ռոբերտ Նազարյանի՝ որպես ՀՍԿՀ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա հուլիսի 1-ին։