Politik.am կայքը գրում է.

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների կյանքը միշտ էլ հեշտ է դասավորվել: Նրանք ամեն բանում մեղադրել են գործող իշխանություններին, անգամ, եթե իշխանությունները լավ նախաձեռնություններով են հանդես եկել, միևնույն է ընդդիմությունը փորձում է սևացնել դրանք: Ընդդիմությունն այնքան էր պոպուլիզմի և իր վարկանիշի հետևից ընկել, որ հիմա, երբ իշխանությունն իրենց ձեռքում է, հայտնվել են զավեշտալի իրավիճակում: Հայաստանի նոր, թավշյա գործադիր իշխանությունը մեղմ ասած հայտնվել է անհարմար իրավիճակում: Նոր կառավարությանը անհարմար իրավիճակում է դրել Կուտակային կենսաթոշակային համակարգը: Հունիսի 11-ին Կառավարության արտահերթ նիստի ընթացքում հավանության արժանացավ  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ պատգամավոր էր՝ մի շարք այլ պատգամավորների հետ դիմել է Սահմանադրական դատարան ու հաղթել: Փաշինյանի և մյուս պատգամավորների հաղթանակի արդյունքում ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Հիմա փաստորեն վարչապետ Փաշինյանը կյանքի է կոչել մի համակարգ, որին դեմ էր պատգամավոր Փաշինյանը: Կուտակային կենսաթոշակային  համակարգը պատգամավոր Փաշինյանը համարում էր թալան և ծաղրում նախկին կառավարության փորձերը, որոնք նպատակ ունեին կոսմետիկ փոփոխությունների ենթարկել համակարգը. «Օրենքի վերջնական դիզայնը կհամապատասխանի ՍԴ-ի որոշմանը»,- խոստացավ նա: Ն. Փաշինյանն արձագանքեց. «Դիզայնը պետք է փոխվի հա՞… Ես հասկացա, որ ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքը բովանդակային փոփոխության է ենթարկվելու, այլ նոր դիզայնի է ենթարկվելու: Կառավարությունն ու ԿԲ-ն ինչ պլանավորում են անել, ընդամենը տյունինգ անելն է. կուտակայինի մասին օրենքն այնքան է որ բերվի օրենսդրական դաշտ, որ դառնա օրինակ՝ պարտադիր սոցապ վճար»,- 2014 թվականին հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ընտրության ժամանակ:

Փաշինյանի կառավարության մեկ այլ անդամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը քաղաքական ասպարեզ է  մտել այս համակարգի դեմ պայքարելու արդյունքում: Թանդիլյանը հունիսի 11-ի Փաշինյանի կառավարության որոշումից հետո անգամ հրաժարական տվեց՝ տպավորություն ստեղծելով, թե սկզբունքային քաղաքական գործիչ է, բայց հետո նորից շարունակեց պաշտոնավարել հայտարարելով, որ համակարգը փոփոխությունների կենթարկվի: Կառավարության գործունեության 100 օրը լրանալուց հետո պարզվեց Թանդիլյանի նշած փոփոխությունները կոսմետիկ է և նպատակ ունեն նվազեցել այն քաղաքացիների վճարները, որոնք 4-5 երեխա ունեն: Սա ոչինչ չասող փոփոխություն է: Հայաստանում 4-5 երեխա ունեցող քաղաքացիները շատ չեն և եթե ունեն էլ դրանք հիմնաակնում անապահով ընտանիքներ են, որոնք աշխատանք էլ չունեն, որ վճարումներ կատարեն:

Իհարկե այսօր շատերը կարող են այլ երանգներ փնտրել և մեղադրել մեզ հեղափոխական կառավարությանը անտեղի քննադատելու մեջ: Բայց մի թե սա կարևոր հանգամանք չէ: Քաղաքական գործչի համար կարևոր պետք է լինեն իր սկզբունքները, իսկ եթե մի սկզբունքից հետ կանգնում, ապա ով է բացառում, որ այլ սկզբունքներից ևս հետ չեն կանգնի: Իսկ ավելի արդար չէ՞ր լինի, որ Փաշինյանն ու Թանդիլյանը  հայտարարեին, որ տարիներ շարունակ պոպուլիզմով են զբաղվել և քննադատել են մի համակարգ, որը իրականում օգտակար է եղել մեր երկրի համար: