Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանցի բլոգեր, համացանցային Newsader լրատվամիջոցի հաղորդավար Ալեքսեյ Ռոմանովն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցին եւ հիացմունք հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած զբոսանքի վերաբերյալ:

Youtube-ում տեղադրված տեսանյութը նա նկարագրել է հետեւյալ խոսքերով. «Քաղաքական գործիչները ժողովրդի ծառաներն են: Շատ երկրներում դրանք ուղղակի խոսքեր են: Բայց Հայաստանը, կարծես, ցանկանում է այդ խոսքերը լուրջ ընդունել»:

Տեսանյութում Ռոմանովը հիացմունքով խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ գիշերային Երեւանով աշխարհի հզորագույն պետություններից մեկի առաջնորդի զբոսանքի մասին: «Տեսանյութում կանաչ կոստյումով կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Նա Հայաստան էր եկել մեկ օրով: Ցերեկը տարբեր պաշտոնական հանդիպումներ է ունեցել, սակայն երեկոյան Փաշինյանը, հավանաբար, դուրս գալով պաշտոնական արարողակարգի կանոններից, հրավիրել էր նրան զբոսնել Երեւանի կենտրոնում»,- նշում է նա՝ հավելելով, որ Փաշինյանը Մերկելի հետ սելֆի է արել:

Դրան հետեւել են մյուսները եւ «սելֆի արել» Մերկելի հետ: «Անգամ Փաշինյանն է հասարակ մարդկանց նկարել Մերկելի հետ»,- նշում է հաղորդավարը՝ ընդգծելով, որ անգամ Մերկելն էր զարմացել ՀՀ-ում ժողովրդի ու իշխանության միջեւ հեռավորության բացակայությունից: «Դա ուղղակի ֆանտաստիկ էր»,- հավելում է նա ու նշում, որ Վրաստանում եւս նրան ջերմ են ընդունել, սակայն այն՝ ինչ տեղի ունեցավ Երեւանում, միանգամայն տարբերվող էր:

Այնուհետեւ Ռոմանովն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, թե ինչպես են գրկախառնվելով բաժանվում Մերկելն ու Փաշինյանը: «Զարմացած է նաեւ Մերկելի թիկնապահը, որն իր շեֆին այդքան ուրախ երեւի չէր տեսել: Մերկելը հիացած էր երկու բանից՝ ջերմ ընդունելությունից ու այն հանգամանքից, որ նրանից փող չեն խնդրել Հայաստանում: Սա նման տիպի եզակի ճամփորդություններից է, որ նրանից փող չեն խնդրել: Սա ճիշտ տեղեկություն է, ես ճշտել եմ»,- նշում է Ռոմանովը: