«Ժողովուրդ» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վճռաբեկ դատարանում գտնվող գործ վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատախազության բողոքն արդեն մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` ՀՀ վճռաբեկ դատարանում քննարկումներ են այն մասին, թե ինչ անեն, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պատասխանատվությունն իրենց վրայից գցեն, ուստի չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը գնա կտրուկ որոշման: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Եվ ահա վերաքննիչ որոշումը բեկանելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` ցանկանալով կրկին կալանքի վերցնել ՀՀ երկրորդ նախագահին: Դեռեւս հայտնի չէ` ՀՀ վճռաբեկ դատարանի որ դատավորին է մակագրվելու այս գործը: Փոխարենը մեզ հայտնի դարձավ, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի քննարկմանն այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցին մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել` դատավորը, որ քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկություններ է տրամադրելու ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի վերջիններս ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը: Կա տեսակետ, որ սա այն դեպքն է, երբ բոլորը պետք է մասնակցեն, եւ քրեական պալատի բոլոր դատավորների կարծիքն էլ պետք է հաշվի առնել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս պրակտիկան հիմնականում կիրառվել է հնչեղություն ստացած գործերում, եւ հիմա նույնը սպասվում է մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությանը:

Այս որոշումից հետո ՀՀ վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահի անձեռմխելիության հարցի շուրջ քննարկումները նոր փուլ են թեւակոխել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վճռաբեկ դատարանում քննարկել են հարցը կասեցնելու եւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Սահմանադրական դատարան ուղարկելու տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում կարծիք են հայտնել, որ, ի վերջո, բոլորին էլ հայտնի է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հիմնական կետի, որի վրա աշխատելու է, ՀՀ սահմանադրության 140 հոդվածն է, որը վերաբերում է Հանրապետության նախագահի անձեռնմխելիությանը, մասնավորապես` «1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: 2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: Ուստի մտահոգություն է հայտնվել այան մասին, թե որքանով է ճիշտ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը եւ որոշում կայացնի ՀՀ սահմանադրության նորմի մասին: Ըստ այդմ, հարց է հնչել՝ արդյոք ճիշտ չէ, որ ՀՀ սահմանադրության հոդվածը մեկնաբանի հենց ՀՀ սահմանադրական դատարանը եւ, ի վերջո, ինքը տա գնահատականը` անձեռմխելիությունը տարածվում է երկրորդ նախագահի վրա, թե ոչ, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանը այս կերպ կխուսափի ավելորդ հասարակական ճնշումից եւ պատասխանատվության ողջ բեռը չի վերցնի իր վրա: Ինչ արդյունք կտան այս օրերին ՀՀ վճռաբեկ դատարանում հնչած կարծիքները, դժվար է ասել, սակայն հնչեցված կարծիքներին զուգահեռ` դատավորներից ոմանք նաեւ մեկ այլ խնդիր էլ են բարձրացրել: Ըստ մեզ հասած լուրերի` եթե որոշվի, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կասեցնում է բողոքի քննությունը եւ այն ուղարկում է ՀՀ սահմանադրական դատարան, ապա ի՞նչ է սպասվում ՀՀ սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ դատավորներից ոմանք կարծիք են հնչեցրել, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է, որը նախկին իշխանությունների առաջ պարտավորվածություններ ունի: Այս դեպքում խիստ կասկածի տակ է ՍԴ-ի օբյեկտիվությունը: Նախ՝ ՍԴ անդամների մի մասը նշանակվել է Քոչարյանի կողմից: Բացի այդ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ ժամանակին ՀՀԿ-ական է եղել, ինքն էլ իր հերթին կախված է նախկին իշխանություններից, եւ դեռ առիթ չի հանդիսացել, որ իր քայլերով «շնորհակալություն» հայտնի նախկին իշխանությանը՝ այս բարձր պաշտոնին նշանակվելու համար: Ինչեւէ, ըստ էության դատական համակարգում ստեղծվել է մի իրավիճակ` չնայած նրան, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել ՀՀ գլխավոր դատախազության բողոքի մասով, կարծես թե ցանկություն ունի գործը ուղարկել սահմանադրական դատարան` ողջ բեռը գցելով Սահմանադրական դատարանի վրա` այդ կերպ ազատվելով ավելորդ գլխացավանքից: Իսկ թե որքանով ցանկությունը իրականությունը կդառնա, սպասենք զարգացումներին:

(c) Քնար Մանուկյան