GalaTV.am-ը գրում է.

Նախօրեին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Բելառուսի և Ռուսաստանի համատեղ գործողություններին վերաբերող հարցից բացի քննարկել են Յուրի Խաչատուրովի հարցը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով մենք անդրադարձել ենք ՀԱՊԿ-ի հարցերին և Խաչատուրովի կալանավորմանը Հայաստանում: Մեր դիրքորոշումը հստակ և հասկանալի է: Մենք ժամանակին այլ թեկնածուներ ենք առաջարկել: Այդ ժամանակ մեզ չլսեցին»,- ասել է Լուկաշենկոն: Նա տեղեկացրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներն «ավելի խորն են նայել այս հարցին՝ Հայաստանի նոր ղեկավարության տեսանկյունից՝ այն քաղաքականության, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

«Մենք քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ում առկա խնդիրները, գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները»,- ասել է Բելառուսի նախագահը: