Lragir.am-ը գրում է.

Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։ Նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, քննարկվել են նոր ներդրումների հետ կապված հարցեր։ Ավելի վաղ՝ 2017 թ. դեկտեմբերին և 2018-ի մարտին (վարչապետի գլխավորությամբ) տեղի են ունեցել հայաստանյան գործարար առաքելությունները դեպի Լիբանան։

Լիբանանյան ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման և այլ ոլորտներոով։ Այցելության վերջին օրը նախատեսված է հանդիպում՝ «գործարար զրույցներ» ձևաչափով։ Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության և գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։ 5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաև Շիրակի մարզ։