«Ազատությունը» հաղորդում է.

Ազգային անվտանգության ծառայությունը որևէ մասնակցություն չի ունենալու ընտրություններին, այսօր Ծաղկաձորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «ԱԱԾ-ն ընտրություններով կզբաղվի, եթե կստանա հստակ տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ և այլն։ Ուրիշ պարագաներում ԱԱԾ֊ն ընտրություններին չի միջամտելու», ֊ հայտարարեց Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենը նաև շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր համար առաջնահետրթություն է։ «Ես խոստանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը լինելու է կարմիր թելով անցնող մի բան, որը չեմ թողնելու երբևիցե մեկը խախտի», ֊ ընդգծեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում։ «Այսօր իմ նախաձեռնությամբ ստեղծվելու է երկու նոր դեպարտամենտ։ Մեկը լինելու է տնտեսական անվտանգության և կռուպցիայի դեմ հակազդման դեպարտամենտ, և երկրորդը լինելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտ, որը նորություն է՝ առհասարակ չկա և չէինք զբաղվում», ֊ հայտարարեց Վանեցյանը։ ֊ «Նման ստորաբաժանում՝ շատ փոքր, ուներ ոստիկանությունը։ Դա 6֊րդ վարչությունն էր, որը այսօրվա պահանջներին չի համապատասխանում։ Կիբեռհանցագործություններն այսօր դառել են ամենամեծ գլխացավանքը, որի համար պետք է լուրջ մասնագիտական ունակություններով օժտված մարդկանց թիմ, իսկ այդ մասնագետները, ցածր աշխատավարձի պատճառով, ցավոք սրտի, չեն ուզում աշխատել Ազգային անվտանգության ծառայությունում»։

Միևնույն ժամանակ, Վանեցյանը փաստեց, որ եթե անցած տարիների ընթացքում ԱԱԾ֊ն մշտապես կադրերի ներգրավման խնդիր է ունեցել, ապա անցած երեք ամիսների ընթացքում իրավիճակը փոխվել է։ «Այսօր՝ երեք ամսվա ընթացքում ես ստացել եմ 7000 քաղաքացուց դիմում՝ աշխատանքի ընդունվելու համար։ 91 թվականից մինչև այսօր այդքան դիմում չի եղել», ֊ նշեց ԱԱԾ տնօրենը։ Ազգային անվտանգության ծառայության տարածքում նոր շենք է կառուցվում, որտեղ տեղաբաշխվելու է արխիվը, նշեց ԱԱԾ տնօրենը։ «Հիմա ամբողջ արխիվը թվայնացվում է, և որը որ գաղտնիության ժամկետը լրացել է՝ կհրապարակվի և կտրամադրվի հասարակությանը», ֊ հայտարարեց Վանեցյանը