«Ազատությունը» հաղորդում է.

Ուկրաինան և եվրոպական երկրները պետք է այլընտրանքային աղբյուրներ գտնեն, որպեսզի կախված չլինեն ռուսական գազի մատակարարումներից, Կիևում հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է դիտարկեն Ադրբեջանից գազն Ադրիատիկ ծովով ներկրելու հնարավորությունը: Ջոն Բոլթոնը նաև հիշեցրել է Եվրոպային և Ուկրաինային սեղմված գազ մատակարարելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին: Սպիտակ տան պաշտոնյան նշել է, որ Ուկրաինան կարող է նաև սկսել մշակել սեփական բնական ռեսուրսները: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Բոլթոնը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, մասնավորապես, Ղրիմի բռնակցման և ԱՄՆ-ի ընտրություններին հնարավոր միջամտության պատճառով սահմանված պատժամիջոցներն, ամբողջությամբ կպահպանվեն այնքան, մինչև Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը։