ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում. «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել: Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»: