Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ:

«Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտեց Գրիգորյանը: Նա կարևոր համարեց նոր գաղափարների իրականացումը, որոնք առաջին հերթին հաջողություն կբերեն շահառու գործարարներին:

ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Ավագյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների  և ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: «ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է և լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշեց Ավագյանը:

Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Նիստի ժամանակ խորհրդի անդամները հաջողություն են մաղթել Գրիգորյանին և շնորհակալություն են հայտնել նախկին գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին՝ կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: Հոգաբարձուները քննարկել են նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությանը և խորհրդի կազմի փոփոխությանն առնչվող հարցեր: