Հայաստանում չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան է հիմնվելու: Չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումները մրցունակ են լինելու միջազգային շուկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզում հիմնվող նոր գործարանի համար «Բիզնես Արմենիայի» և «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության միջև 850 000 դոլար ներդրում կատարելու հուշագրի ստորագրմանն այս մասին ասացին կազմակերպիչները:

«Արտադրանքը կօգտագործվի հյուրանոցների և ռեստորանների համար: Գործարանի հիմնմամբ կստեղծվի 24 աշխատատեղ: Ներդրումների չափն անցել է նույնիսկ 1 մլն դոլարը: Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ»,- ասաց «Բիզնես Արմենիայի»գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, ինչի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ «Սպասվում է, որ արդեն ամիսներ անց գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշեց «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը որպես Հայաստանում ներդրում կատարելու կարևոր պատճառ նշեց այն, որ Հայաստանում ընտանեկան բիզնեսի համար մեծ պոտենցիալ են տեսել այս ոլորտում: «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես-կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը, հավաստագրվելով որոշ ստանդարտների, միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- ասաց Կարեն Սալխանյանը։

Գործարանի արտադրանքի համար արտահանման շուկա են դիտարկում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը:

Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին: Ներկայում գործարանի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն օգոստոսին: Իսկ գործարանն աշխատանքը կսկսի արդեն այս տարվա հոկտեմբերից: