Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում այլևս պետք է չկարողանան գործունեություն ծավալեն այլ ոլորտներում: Դա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին իսկ օրից, և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան, կառավարությունը նաև իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ իրականացնել, տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե դրանք չկան կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հակված է այս գործընթացն իսկապես իրականացնել հանդարտ, առանց ցնցումների՝ տնտեսական իրավիճակը չբարդացնելու համար:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի  ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում նաև հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փորք և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը: