Բիզնես Արմենիա» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Հայաստանում իշխանափոխությունից հետո օտարերկրյա ներդրողների հետաքրքրության բարձրացում է նկատում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ սակայն գործնական քայլերի համար ներդրողները դեռ սպասում են խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստանում օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրությունը շատացել է իշխանափոխությունից հետո: Սակայն մինչ այդ հետաքրքրությունը դառնա ներդրում, կա ակնկալիք ընտրություններից: Ցանկացած ընտրություններից առաջ ցանկացած երկրում միշտ կա ներդրողների կողմից նման վիճակ՝ հասկանալու, թե քաղաքական դաշտն ինչպես է ձևավորվելու»,-ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

Այն հարցումների քանակը, որ ստանում են արտասահմանից, միանշանակ բարձրացել է: Հուսով են, որ դա շատ շուտով կդառնա կոնկրետ ներդրում:

Այս տարվա համար «Բիզնես Արմենիա»-ն թիրախավորել է 46 մլն դոլարի ներդրում: Հիմնական ոլորտներն են արտադրությունը, վերամշակումը, թեթև արդյունաբերությունը, դեղագործությունը: