ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը՝ հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմումի հիման վրա, Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից: Բացի այդ, «NEMIROFF»-ը  ՀՀ-ում հանդիսանում է հանրահայտ ապրանքային նշան, և նշված անվանմամբ օղիները ճանաչում ունեն սպառողների շրջանում: Միաժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանմամբ օղիներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է  նաև, որ «Ա և Գ» ընկերությունը չի ունեցել «NEMIROFF» ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն և վերջինիս կողմից այդ օղիների արտադրությունն ու իրացումը կարող են հասարակության շրջանում առաջացնել շփոթություն՝ իրական «NEMIROFF» օղիների նկատմամբ: Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային նշանների նմանակման կամ դրանք առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործման դեպքերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի գնահատականով, նմանատիպ դեպքերը մրցակցության տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ ընկերությունները մեծածավալ ծախսեր, ներդրումներ են  կատարում՝ իրենց ապրանքային նշանի ճանաչվածության բարձրացման և պաշտպանվածության նպատակով, իսկ   որոշ անբարեխիղճ ընկերություններ փորձում են օգտվել սպառողներին արդեն իսկ հայտնի ապրանքային նշանից՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային իրավիճակ:

«Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս նմանօրինակ խնդրով, սակայն  այլ անվանմամբ օղիների գծով հայտնվել է Հանձնաժողովի տեսադաշտում: Մասնավորապես, 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղիների գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Վերը նշվածը հաշվի առնելով, Հանձնաժողովը  «Ա և Գ» ընկերության գործողությունները որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և հաշվի առնելով ընկերության կողմից կատարված խախտման կրկնակիությունը՝ կիրառել է պատասխանատվության միջոց՝ կրկնակի՝ 10 մլն դրամի չափով և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել օրենքի խախտումները: