EADaily.com-ը Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրը բացասական է գնահատել՝ տալով Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացման իր պատկերացումը։

100 օրվա ընթացքում Հայաստանի նոր վարչապետը, չնայած քաոսային քայլերին, որոնք տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, դեռևս չի կանգնեցրել երկրին և նրա գործընկերներներին ճակատագրական որոշումների առջև: 100 օր անց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է գնահատել որպես քաոսային, հակասական և անհետևողական: Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ նշվել է, որ տպավորություն է ստեղծվում, թե ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները հետընթաց են ապրել: Ընդգծվել է, որ ՌԴ կատարած այցից հետո Մոսկվայի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ վատթարացել է: ՌԴ-ին դուր չեն եկել նաև Փաշինյանի այցը Վրաստան և մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Կարևոր պաշտոններում երիտասարդների նշանակումը, ովքեր աչքի են ընկել իրենց հակապուտինյան հայտարարություններով, ևս յուրովի է մեկնաբանվել Մոսկվայում: Այնուհետև տեղի ունեցան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալությունները,  ինչ լցրեց ՌԴ-ի համբերության բաժակը: Դրանց հաջորդեցին «Հարավկովկասյան երկաթուղիներում» գիշերային հետախուզումը, «Վերին Լարսի» բազմակիլոմետրանոց հերթերը և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականության մասին լուրերը:  Եվրոպական միության հույսերը ՀՀ-ում փոփոխությունների հետ կապված ևս կարող են անկում ապրել:

Մինչ օրս որևէ գործողություն չի իրականացվել ԵՄ-Հայաստան համաձայնագրի ուժի մեջ մտնելու ուղղությամբ: Շատերի տարակուսանքն է առաջացրել նաև ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ երկխոսության տոնայնությունը: ԵՄ-ի կառավարման մարմինների հետ հանդիպումներն այնքան անարդյունավետ էին, որ Փաշինյանն ինքն է նշել այդ մասին: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, Հայաստանն այս 100 օրվա ընթացքում ոչ միայն հետընթաց է կատարել խոսքի ազատության, այլև՝ իշխանության տարանջատման ոլորտներում: Դատաիրավական համակարգում ևս հետընթացի ռիսկ կա: Այս ամենը լավատեսություն չի առաջացնում երկկողմ հարաբերությունների կանխատեսումների մեջ, ավելի շատ հիշեցնում է «երկու քայլ հետ», «մեկ քայլ առաջ» սկզբունքը: «Թավշյա հեղափոխությունում» Միացյալ Նահանգների հետքը շատերն են փորձում տեսնել, սակայն դա հաստատող իրական փաստեր չկան: ՀՀ նոր իշխանությունները մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի հետ տնտեսական ոլորտում, սակայն նոր ներդրումների, թերևս, պետք է դեռ երկար սպասել՝ հաշվի առնելով նաև «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հետ կապված սկանդալը:  Բացի այդ՝ հիշեցվել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը իրանական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ, որը ՀՀ-ում շատերի կողմից ընկալվել է, որպես հարված երկրի ինքնիշխանությանը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշվել է, որ Ադրբեջանը զգոնությամբ վերաբերեց ՀՀ-ում հեղափոխությանը՝ Ղարաբաղի հետ սահմանին զորքեր կուտակելով և սպասելով՝ կսկսվի արդյո՞ք ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ, թե՞՝ ո՛չ:  

Նոր վարչապետի հետ կապված Բաքուն ուներ իր ակնկալիքները: Ընդգծվել է, որ 100 օրվա ընթացքում Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ քաոսային, անմտածված ու անհետևողական էին և բանակցային գործընթացի շուրջ ավելացրեցին քաոսի չափաբաժինը: Իսկ նրա վերջին հայտարարությունը չէր կարող նորմալ ընկալվել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներում: Դա դիվանագիտական ​​էթիկայի և  բանակցային գործընթացի մարտավարության խախտում էր: Նմանատիպ քաոսային քայլերով և մտքերով, ըստ էության, Հայաստանի վարչապետը ցույց տվեց իր անպատասխանատվությունը, փորձելով բանակցությունների ամբողջ պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա, հնարավոր պատերազմինը՝ Ռուսաստանի, իսկ ղարաբաղյան հակամարտության լուծման պատասխանատվությունը՝ հրապարակում հավաքված մարդկանց: Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ապա ամեն ինչ լավ կլիներ, եթե այդ երկրում չփոխվեին վարչապետը և կառավարությունը: Հարաբերությունների վրա աղ ավելացրեց նաև Սաակաշվիլու մինչ օրս չմոռացված հայտարարությունը Փաշինյանի մասին: Իրանը և հայ-իրանական հարաբերություններն ինչ-որ չափով դուրս են մնացել ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնից:

Սակայն, վերջին 100 օրվա ընթացքում հայ-իրանական հարաբերություններում «դադարը»  կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ, թեկուզ այն պատճառով, որ կարող է վերածվել իներցիայի, որը, հաշվի առնելով երկարաժամկետ դրական կապերը, կարող է համարվել մի քայլով հետընթաց: Թուրքիան բավականին լավատեսորեն ընդունեց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալը: Թուրքերը «բրավո» ասեցին Փաշինյանի հայտարարությանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ և ոչ միայն մոռացան դա, այլև՝ որ այդ «պատմական հայտարարությունը» ոչնչով չէր տարբերվում նույն թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններից: Ամփոփելով նշվել է, որ նրանք, ովքեր ունեն կարճ հիշողություն, կարող են տեսնել նոր տարրեր Հայաստանի նոր վարչապետի արտաքին քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, Փաշինյանի թիմը չկարողացավ նոր խոսք ասել երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ավելին, նա չկարողացավ նույնիսկ պահել ամեն ինչ այնպես, ինչպես եղել է:  Չէ՞ որ, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը նույնիսկ նրա հակառակորդների կողմից քննադատություն չի արժանացել: Փաշինյանն իր իշխանության 100 օրվան նվիրված հանրահավաքում նշել է, որ «մեր արտաքին քաղաքականության հիմնական գաղափարը ազգային շահերի պաշտպանությունն է»: Բայց ինչպես ցույց տվեցին վերջին 100 օրերը, նույնիսկ այս գաղափարի մեջ Փաշինյանը հետևեց լենինյան ճանապարհին՝ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»: