ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը դժվարանում է ժամկետներ նշել, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրն ամբողջությամբ իր ավարտին կհասցվի: Հուլիսի 18-ին լրագրողների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ 5 ենթածրագրերից (տրանշ)  միայն 3-ի ներքո վերակառուցվող ճանապարհահատվածների և 4-րդ տրանշի միայն մի հատվածի (Քաջարան-Ագարակ) համար է ֆինանսավորում առկա: «Անլուրջ կլինի, եթե այսօր մենք կոնկրետ ժամկետ նշենք, որ երեք տարուց կամ հինգ տարուց այս ճանապարհն ավարտված կլինի: Մենք ունենք ճանապարհահատվածներ, որտեղ դեռևս նախագծման աշխատանքները նոր են սկսվելու, ունենք նաև ֆինանսավորման խնդիր: Ժամանակին նախատեսվել էր այս ճանապարհը ու այն չէր կարող կարևոր նշանակություն չունենալ ամբողջ պետության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: Աշոտ Հակոբյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավը» ռազմավարական նշանակության ճանապարհ է, և իրենք ամեն ինչ անելու են տրամաբանորեն այն իր ավարտին հասցնելու համար: Պաշտոնյան հավելեց, որ այսօր չեն կարող ասել, որ ծրագիրն անիմաստ է: Նշված ենթածրագրերի ֆինանսավորումն իրականացնում են Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և Եվրասիական կայունացման ու զարգացման բանկը: Նախարարի խոսքով՝ ստացված ֆինանսավորման շրջանակներում՝ ԱԶԲ կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվել է տրանշ 1՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ շուրջ 31 կմ ճանապարհի վերակառուցումը, որը 2016թ.-ից հանձնված է շահագործման: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող 2-րդ տրանշովվերակառուցվում է Աշտարակ-Թալին` շուրջ 42 կմ ճանապարհահատվածը, 3-րդ տրանշով, որը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից, վերակառուցվում է Թալին-Գյումրի շուրջ 46 կմ ճանապարհը: 4-րդ տրանշովվերակառուցվելու է Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ճանապարհահատվածը, որն իրականացնելու համար վարկային միջոցներ են տրամադրվել Եվրասիական Զարգացման Բանկի կողմից: Դեռևս ֆինանսավորում առկա չէ Արտաշատ-Սիսիան (շուրջ 175 կմ), Սիսիան-Քաջարան (շուրջ 60 կմ), Գյումրի շրջանցիկ  (շուրջ 23 կմ), Գյումրի (Քեթի) – Բավրա (շուրջ 35 կմ) ճանապարհահատվածների համար: