Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը: «Քննարկվել են միջուկային զենքի և հրթիռային տեխնոլոգիաների չտարածման, ինչպես նաև ԿԺԴՀ-ին և Իրանին վերաբերող հարցերը, ռազմավարական կայունության ապահովումը, սպառազինությունների վերահսկման խնդիրները»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Պատրուշևը: Նա նաև հավելել է, Սիրիայից և Ուկրաինայից բացի, Բոլթոնի հետ քննարկել է Աֆղանստանում իրավիճակը: «Առանձին քննարկվել է Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում`Եմենում և Լիբիայում տիրող իրավիճակը: Կարճ անդրադարձ է կատարվել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,- հավելել է նա: Պատրուշևի խոսքերով` նախատեսվել էր հանդիպման արդյունքներով ընդունել համատեղ հայտարարություն, սակայն այն չի ընդունվել՝ ԱՄՆ-ի պատվիրակության կողմից այդ երկրի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին դրույթը տեղադրելու փորձի պատճառով: