Armtimes.com գրում է. «Ucom-ի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն ՀայկԵսայանը եւ «Ամերիաբանկի» ՏՏ եւ ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել եւ ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել: «Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես եղել է եւ կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնումը, այդտեղ սովորող երեխաների մոտ ինժեներական մտածելակերպի զարգացումը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնումը, միջազգային ասպարեզ դուրս բերելը։ Արմաթցիների մասնակցությունը «First Global» միջազգային մրցույթին կարեւոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ»։ «First Global»-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների եւ նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար: Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային եւ ջերմային կայաններ, արեւային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արեւային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն եւ կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաեւ պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։  Հայաստանյան թիմում ընդգրկված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) եւ թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար): Հատկանշական է, որ հայկական թիմն ակնհայտորեն արտացոլում է «Արմաթ» կրթական ցանցի առաքելությունը՝ նորարարության եւ ինժեներական գիտելիքի մարզային զարգացումը:  Ի դեպ, թիմում ընդգրկված են հավասար թվով աղջիկներ եւ տղաներ: Նրանք լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին մրցույթի մասնակից ռոբոտին, սակայն չցանկացան բացել իրենց բոլոր գաղտնիքները: Արմաթցիների մասնակցությունը «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին կարեւոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու համար: Այն խրախուսում է պատանիներին ու առաջ մղում նրանց՝ գիտությամբ զբաղվելու եւ նորարություններ ստեղծելու համար: Մրցույթի մասնակիցները նաեւ միջազգային կապեր ստեղծելու հնարավորություններ ձեռք կբերեն»։