Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է  գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին:

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի վերաբերյալ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է 2016 թվականի ապրիլից: Ծրագրի նախագիծը արժանացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանը, իսկ այս տարվա հուլիսի 27-ին այն Միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են ԵԱՏՄ պետությունների վարչապետները: Քննարկման արդյունքում կողմերը հարցեր են ուղղել գազի փոխադրման սակագների հետ կապված, որի շուրջ որոշվել էր հետագայում լրացուցիչ աշխատանք տանել: «2016 թվականին գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի վերաբերյալ  ԵԱՏՄ երկրների կողմից 60 տարաձայնություններից մնացել է միայն մեկը: Կարգավորման հնարավոր եղանակներից մեկը կարող է լինել Միության գազի միասնական շուկայում գազի փոխադրման ծառայությունների միասնական սակագների մեթոդաբանության մշակումը և ընդունումը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների վարչության անդամ Էմիլ Կայկիևը: Ինչպես ընդգծել է ԵԱՏՀ-ի  էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, միասնական մեթոդաբանությունը թույլ կտա զարգացնել ընդհանուր մոտեցումներ եւ սակագների կարգավորման մեխանիզմներ:

Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է աստիճանաբար լուծել վիճելի հարցերը, որպեսզի անցնեն Միության գազի միասնական շուկայի ձեւավորմանը:

Հանդիպման մասնակիցները առաջարկել են սեպտեմբերի երկրորդ կեսին անցկացնել ԵԱՏՄ երկրների էներգետիկ նախարարների հանդիպումը: