«Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հայտնեց, որ լուրջ աշխատանքներ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը նոր հուշարձաններով համալրելու ուղղությամբ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, բայց դա հեշտ աշխատանք չէ»,-նշեց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, «Զվարթնոց» հնավայրը:

«Կան հուշարձաններ, որոնք կցանկանայինք ներառված լինեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, օրինակ՝ Նորավանքը, որն անպայման պետք է մտնի այդ ցանկ: Բացի դրանից, բազմաթիվ այլ հուշարձաններ կան, որոնք արժանի են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց նախարարի տեղակալը:

Տիգրան Գալստյանն առանձնահատուկ շեշտում է՝ հուշարձանների պահպանության թեման ամենազգայունն է մշակույթի ոլորտում, քանի որ ամեն մի հուշարձանի քանդումը նախորդ տարիներին ուղեկցվել է շատ բուռն ցույցերով: «Մշակույթի նախարարությունն ունի երկու մեծ ֆունկցիա՝ մշակութային քաղաքականության ձևավորում և հուշարձանների պահպանություն: Վերջինս մեծ նշանակություն ունի նախարարության համար»,-առանձնահատուկ նշում է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ փորձագիտական հանձնաժողովը վերջերս միաձայն կողմ քվեարկեց մի շարք կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին:

«Սա շարունակական գործընթաց է, հուշարձանների ցուցակը միշտ պետք է համալրել: Մեր աչքի տակ հուշարձաններ կան: Մենք առաջարկել ենք նաև, որ հանրությունը ևս մասնակցի այդ գործընթացին, և բոլոր առաջարկները կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում»,-նշեց Տիգրան Գալստյանը:

Անդրադառնալով հայաստանյան թանգարանների հետ կապված հարցերին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս առումով ևս մեծ աշխատանքներ կան կատարելու: Տիգրան Գալստյանի խոսքով՝ Եվրոպայում իր սովորելու տարիներին տեղի ուսանողներն անվճար էին օգտվում բոլոր թանգարանների ծառայություններից: Նախարարությունը ցանկություն ունի նման համակարգ ներդնել նաև մեր ուսանողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար այցելել բոլոր թանգարանները:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայաստանյան տարբեր թանգարաններում մենք ունենք բացառիկ նմուշներ, որոնք տեսնելու համար մարդիկ պետք է հերթեր կանգնեն: Այս համատեքստում պետք է աշխատել այն ուղղությամբ, որ առարկաները լավ, ճիշտ ներկայացված լինեն: Մյուս կողմից, ըստ Տիգրան Գալստյանի, որոշ թանգարաններում առկա են օդափոխության հետ կապված խնդիրներ, որոնք ևս լուծում պետք է ստանան:

(c) Ռոզա Գրիգորյան