Armtimes.com գրում է. «Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում գյուղատնտեսության նախարարությունում նախարարի փոխվելուց հետո եւ որքա՞ն բերք է այս տարի արտահանվել ի տարբերություն նախորդ տարվա, պարզեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից:

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ են սպասվում գյուղոլորտում:

– Հիմնական փոփոխությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք՝ կախված է լինելու սուբսիդավորման ուղղությունից, պետական աջակցության թիրախավորումից եւ գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումից: Ջուրը չհաշված, հիմա պետությունը սուբսիդավորում է վառելիքը, սերմացուն, ինչպես նաեւ ազոտակալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը: Մինչեւ վերջերս սուբսիդավորվում էր նաեւ ազոտական պարարտանյութը. բաց ենք թողել:

Դրա հետ կապված, ես որոշակի վերապահումներ ունեմ. եթե մենք գյուղացուն կամ գյուղացիական տնտեսությանը որոշակի գումարի չափով օժանդակում ենք, ապա ավելի ճիշտ կլինի, որ մենք այդ գումարը հասցնենք վերջնական սպառողին, բացենք շուկաները եւ մատակարար ընկերությունները, արտադրող ընկերությունները իրենք գան շուկա եւ կարողանան իրենց ապրանքը իրացնել: Այս դեպքում արդեն հարց չի առաջանա, թե ինչու ենք մենք ինչ-որ կազմակերպության 0.001 տոկոսով պետական բյուջետային վարկ տրամադրել, թե ինչու ենք հենց իրեն ընտրել: Այդ մարդը գնացել է, պարարտանյութը բերել է, ինչ-որ շուկայական ազնիվ գին ենք որոշել, դրանից ելնելով պարարտանյութի սուբսիդավորման գին ենք որոշել, հետո էլ այդ մարդը չի կարողանում իր գումարները ստանալ, իսկ պետությունը չի կարողանում ստանալ իր վարկը, վարկի մարումը չի կարողանում ստանալ: Այսինքն, եթե մենք շուկան բացենք, գումարը փոխանցենք վերջնական սպառողներին, իրենք որոշեն, թե ումից են գնում, այս դեպքում արդեն գրպանումների հավանականությունը, որոնց շուրջ հիմա քրեական գործեր կան, դրանց հավանականությունը մեծապես կընկնի եւ դրանից բացի նաեւ կզարգանա շուկան:

Երկրորդը ուղղորդումն է, որովհետեւ եթե նայենք պետական բյուջետային ծրագրերը, այնտեղ բավականաչափ մեծ մաս ծրագրեր էին, որոնց շահառուն գյուղացիներ էին, որոնք չէին կարող մասնակցել, քանի որ դրանք թանկ ծրագրեր էին: Այս ծրագրերը, իհարկե, մենք չենք կարող հանել, որովհետեւ դա ապահովում է գյուղատնտեսության առաջընթացը` ինտենսիվ այգիները, բայց եթե մի ինտենսիվ այգի հիմնելու գումարը միջին հաշվով 26 մլն դրամի կարգի է, պետք է ընդունենք, որ դա ամբողջ երկրում, էլ չեմ ասում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, ոչ շատ հասանելի պրոդուկտ է: Այսինքն, դա կարող ենք թողնել, որովհետեւ դա էապես կփոխի գյուղատնտեսության կառուցվածքը: Միեւնույն ժամանակ պետք է հստակ կարողանանք թիրախավորել նաեւ փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին:

Երրորդ խնդիրը հողային ռեսուրսի արդյունավետ օգտագործումն է, մեր վարելահողերի 70 տոկոսից ավելին չի օգտագործվում, իսկ արոտավայրերի մոտ 60 տոկոսը չի օգտագործվում: Այստեղ խթանիչ մեխանիզմներ պետք է ներդնենք, մշակում ենք եւ կփորձենք մյուս տարվանից ներդնել, որոնք կխրախուսեն հողի առավել արդյունավետ եւ ավելի շատ օգտագործումը: Այսինքն, հարկերի միջոցով պահանջել, պարտադրել, այդ մոտեցումն ընդունելի չէ, որովհետեւ դու չես կարող երբեք հարկը այնքան բարձրացնել, որ մշակելը դառնա ավելի ձեռնտու, քան չմշակելը: Իրատեսական չէ, որ եթե երրորդ կարգի հողի հարկը 5 հազար դրամ է, այն դարձնել 50 հազար դրամ, որ մարդը պարտադրված լինի մշակել:

Օրգանական գյուղատնտեսությունն է շատ կարեւոր, մեզ համար շատ կարեւոր է գյուղատնտեսական արժեշղթաների ձեւավորումը, որ կարողանանք արտադրությունը կապել սպառման հետ: Հիմա գյուղացիների հետ, որ խոսում ես, ասում են՝ լավ, նույնիսկ եթե այս դժվար պայմաններում մենք կարողանաք սպառման հարցը լուծել, ապա նրանք պատրաստ են ավելի շատ արտադրել…»։

Շարունակությունը՝ աղբյուրում։