Armtimes.com գրում է. «Պարզվում է՝ ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում: Այդ ծրագրերը նույնիսկ չեն մեկնարկվել ուրիշների կողմից՝ պարտավորությունները չկատարելու պատճառով, սակայն պետությունը տոկոսներ է վճարում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ վարկային ծրագրերով, նշում է Փաշինյանը, Հայաստանը վճարումներ է իրականացնում: Նրա խոսքով՝ այս իրավիճակը կառավարությունը պետք է խորությամբ հասկանա և քննարկի: «Ես կխնդրեի, որ բոլոր նախարարները իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը եւ ցանկը ներկայացնեն ինձ»,- ասաց նա: ՀՀ վարչապետն ընդգծեց՝ առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: «Այսինքն՝ վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, մյուս կողմն իր պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը վճարում է տուգանքներ: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը»։