ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 19-ին հանդիպել է Սլովակիայից եւ Բուլղարիայից ժամանած գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցելու եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորության հարցը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրությունը՝ նշելով, որ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցում մեր երկրում ստեղծված են նպաստավոր պայմաններ: Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ այն քայլերին, որոնք ուղղված են հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն իր վրդովմունքն է հայտնել վերջին շրջանում Dana ինքնագնաց հաուբից հրետանային համակարգերի՝ Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ՝ նշելով, որ գործընթացը պետք է դադարեցվի: Սլովակ եւ բուլղարացի գործարարները ներկայացրել են ներդրումային ծրագրերի իրենց տեսլականը: Նշվել է, որ Հայաստանը հիանալի կամուրջ է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ եւ արդյունավետ օգտագործելով այդ հնարավորությունը՝ կարող է տնտեսության զարգացման հարցում լուրջ առաջընթաց գրանցել: