Սյուժեներ
Հրապարակված է 11:28, 24 Հուլիսի, 2012

Օսկանյանի բարոյական իրավունքը

Օսկանյանի բարոյական իրավունքը
eMedia.am, 24.07.2012 | Facebook-ի իր էջում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղադրել էր մի հայտարարություն, որում փողերի լվացման մեջ մեղադրանքի գործի շրջանակներում ԲՀԿ-ական պատգամավորը փորձում է ճնշում գործադրել դատարանի վրա՝ հայտարարելով, որ եթե դատարանը չի կայացրել իր համար բարենպաստ վճիռ, ապա դատարանը անաչառ չէ:
Այն, որ դատական համակարգը Հայաստանում կատարյալ չէ, դա փաստ է: Ավելին, ոչ միայն Օսկանյանը, այլ ընդհանրապես ոչ ոք մեր երկրում դատական համակարգին չի վստահում: Իսկ այդ անվստահությունը ձևավորվել է հիմնականում այն տարիներին, երբ Օսկանյանը եղել է կառավարության անդամ և երբեք չի բարձրաձայնել պետական համակարգի թերությունների մասին: Չկա որևէ գրավոր կամ բանավոր հայտարարություն, որում Օսկանյանը քննադատեր որևէ գերատեսչության աշխատանքը այդ 10 տարիների ընթացքում:

1. Արդարությունից չպետք է խոսի այն մարդը, ում որդին ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում քաղաքացուն և անպատիժ է մնում:

2. Արդարությունից չպետք է խոսի այն մարդն, ով մարտի 1-ին ժողովրդի գլխին «լոլո» էր կարդում՝ իր ղեկավարին խոհեմության կոչ անելու փոխարեն:

3. Արդարությունից չպետք է խոսի այն մարդը, ում ղեկավարած գերատեսչությունում այլախոհության «մեղադրանքով» աշխատանքից ազատվեցին փոխնախարարներ, դեսպաններ և այլ դիվանագիտական ծառայողներ, ավելին՝ զրկվեցին դիվանագիտական աստիճանից, այսինքն մեկ արարքի համար երկու պատժի արժանացան, ինչը ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի և վերջապես ՀՀ ներպետական իրավունքի կոպտագույն խախտում էր: Իհարկե դիվանագետ-իրավաբան Օսկանյանը սրա մասին շատ լավ գիտեր և նման պայմաններում գործունեությոն ծավալած անձը չէ, որ պետք է արժանանա «արդարության մարտիկ» տիտղոսին:

Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել, «Վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ Օսկանյանը պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:

Զարմանալու բան չկա: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դպրոցում կրթված և նրա կողմից ԲՀԿ գործուղված Օսկանյանը դեռ շատ ու շատ բաների է ընդունակ:
Կարեվոր